Էդվարդ Նալբանդյան. «Ժնև-2»-ը գործընթաց է, ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ մենք, մեր ակնկալիքներն ունենք
Չկա աշխարհում կարևոր և ոչ կարևոր երկիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան հարցին՝ արդյոք ճիշտ չէ՞ Պանամա, Պերու, Կուբա և նման այլ պետություններ այցելելու փոխարեն աշխատանքներ վարել Ժնևյան բանակցություններում ընդգրկվելու համար, որտեղ քննարկվելու է Սիրիայի հարցը, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մի քանի հարցումներ էին եղել այդ կապակցությամբ ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին, որովհետև այդ «Ժնև2» կոնֆերանսն այցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով և նա մեզ բացատրություններ տվեց, թե ով է հրավիրված: Եվ հրավիրվել այդ կոնֆերանսին չի նշանակում, որ հավաքված բոլոր պետությունները հարցը լուծում են:
«Ժնև2»-ը գործընթաց է: Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ մենք, մեր ակնկալիքներն ունենք, որ այդ գործընթացը շարունակություն կունենա, կբերի հարցերի լուծման, կարգավորման: Այդտեղ հրավիրված են անվտանգության խորհրդի մշտական անդամները, G 20 երկրներն ու դոնոր երկրները»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Լատինամերիկյան երկրներին, ապա Նալբանդյանը խորհուրդ տվեց նայել, թե Լատինամերիկյան այդ երեք երկրներում ինչ է ընդունվել ԼՂՀ վերաբերյալ:
«Մի հատ նայեք ու այդ ժամանակ կգաք՝ մենք իրար հետ կխոսենք: Բաներ կան, որոնց հրապարակային պատասխանելը ճիշտ չէ, որովհետև ես հանրային ինչ-որ գործիչ չեմ, այսօր մամլո ասուլիս է, ժուռնալիստական ազատ հավաք չէ և արտգործնախարարի ասածը պաշտոնական դիրքորոշում է: Այն երկրները, որտեղ մենք գնացել ենք կարևորագույն երկրներ են և մենք մտադիր ենք Լատինամերիկյան երկրիների հետ ավելի ակտիվացնենք մեր հարաբերությունները, ընդլայնենք աշխարհագրությունը, այցելենք այն երկրներ, որտեղ մենք դեռ չենք եղել:
Չկա աշխարհում կարևոր և ոչ կարևոր երկիր: Երբ ես այցելեցի Ինդոնեզիա, ինչ-որ մեկն ինձ ասեց՝ չէ մի չէ՝ Ինդոնեզիա: Ներողություն, դա 250 մլն-անոց կարևորագույն համաշխարհային դերակատարում ունեցող երկիր է: Նման ոչ կոռեկտ արտահայտությունները այլ երկրների նկատմամբ անընդունելի են: Դուք երևակայեք, որ մեր նկատմամբ մեկը նման բան ասի… Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն կլինի»: