Էդվարդ Նալբանդյանը՝ սահմանին տեղի ունեցող միջադեպերի մասին

Թեև Հայաստան-Ադրբեջան շփման գծում շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, օրեր անց հանդիպելու են ոչ միայն ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, այլև՝ նախագահները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս շփման գծում տեղի ունեցած միջադեպերին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե դա առաջին անգամը չէ:

«Դուք գիտեք, որ երկու օր առաջ մենք Ղարաբաղի իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարարի հետ էինք հանդիպում, և մենք դրա մասին համապատասխան հաղորդագրություն տվեցինք մամուլին: Նման սադրանքներն ուղղված են նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելուն, խանգարելուն բանակցային գործընթացին: Նաև, որովհետև եթե այլ նպատակներ էլ ունեն ադրբեջանցիները… Եռանախագահներից մեկը, եթե դուք նկատեցինք, Թվիթերում բավական հստակ գրեց, որ նման միջադեպերը, սադրանքները, խանգարելու են բանակցային գործընթացին: Բայց պետք է շարունակել բանակցային գործընթացը, այլընտրանք չկա:

Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք. Ադրբեջանն է, որ ձևացնում է, թե եռանախագահները ուրիշ կարծիք ունեն… Հինգ հայտարարություն է ընդունվել, բայց Ադրբեջանը ձևացնում է, թե դա իրեն չի վերաբերում: Դա միջազգային միակ կոնֆլիկտն է, որի վերաբերյալ հինգ հայտարարություն է ընդունվում նման մակարդակի, այն էլ՝ շատ մանրամասն ներկայացնելով սկզբունքներ, տարրեր: Ադրբեջանն ինչ-որ ոտքից գլխի վրա է դնում միջազգային հանրության մոտեցումները և իրենք իրենց իլյուզիաներ են ստեղծում, իրենց հասարակության համար իլյուզիաներ են ստեղծում, որ իբրև թե մի ուրիշ բան կա, որ իրենց իբրև թե աջակցում են»:

Տեսանյութեր

Լրահոս