Սպանված Լյուքս Ստեփանյանի հետ ծանր վիրավորված զինվորի երազանքը ազատ տեղաշարժվելն է. «Ազատություն»
Բանակում անցած տարվա մայիսի 15-ին ծառայակցի կրակոցից գլխից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանը այս պահին միայն մեկ ցանկություն ունի՝ առողջությունը վերականգնվի ու կարողանա ինքնուրույն ազատ տեղաշարժվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
19-ամյա երիտասարդը համաձայն է, որ հրաշքով է փրկվել։ Դեպքից հետո մոտ մեկ ամիս նա անգիտակից պառկած էր հիվանդանոցում, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Հիմա, չնայած ձախ կողմի շարժումները պարալիզացված են, բայց ֆիքսատորի օգնությամբ տանը քայլում է։ Առաջին կարգի հաշմանդամ է։ «Մենակ կուզեի վերականգնվել, ուրիշ ոչ մի բան։ Ձախ կողմի թուլությունն է, չեմ կարողանում տիրապետել, մատներս չեմ կարողանում ինքնուրույն բացել, շատ ուրախ կլինեի, որ մի օր վեր կենայի ու տեսնեի՝ ես եմ բացում,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է վիրավոր երիտասարդը,- Մի տեսակ ոնց որ բանտարկված լինես, որ չես կարողանում քո ուզածն անես, քո ուզած ժամանակին դուրս գաս, քո ձեռքով մի բան անես»։
Հարցին, թե զղջո՞ւմ է, որ բանակ է գնացել, Հրաչյա Սարգսյանը պատասխանել թ. «Չէ… ուղղակի, չգիտեմ… չէի ուզի որ այս դեպքը լիներ։ Երբեմն ինձ թվում է, որ երազ եմ տեսել, երազ է եղել»։
Նոյեմբերյանի զորամասի պահակատան տարածքում տեղի ունեցած այս միջադեպը, որի մասին երիտասարդը պնդում է, որ ոչինչ չի հիշում, բավական մեծ աղմուկ էր հանել։ Ըստ մեղադրական եզրակացության, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն էր իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով գլխից ծանր վիրավորել Հրաչյա Սարգսյանին և սպանել 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանին։ Ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ: Հիմա էլ այս գործով դատավարություններն են դրամատիկ ընթացք ստանում։
Հրաչյան ասել է, որ մանրամասներին քննիչների պատմածից է ծանոթ, չի պատկերացնում, որ իրենց ընկեր Դավիթը կարող էր նման բան անել։
Կալանավորված Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ, նրան սպառնում 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Մեղադրական եզրակացության համաձայն, նա Լյուքս Ստեփանյանի հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան է կրակել նրա ուղղությամբ, ու գնդակը կպել է նաև Հրաչյային։
Վիրավորվածի ծնողը ձեռնպահ մնաց այս առիթով որևէ մեկնաբանությունից՝ ընդգծելով, որ մեղադրյալին ամենախիստ պատիժն է սպառնում։ «Իրենց մեջ վեճ է եղել, բայց ես չեմ կարծում, որ այդ վեճն ինչ-որ մի լուրջ բան է եղել։ Թե հիմա ինչո՞ւ այդպես ստացվեց, ո՞վ էր այդտեղ մեղավոր, այսօր այդքան էլ որոշիչ չէ, որովհետև երեք ճակատագիր է խեղվել վերջապես… ի՞նչ մեղավորների մասին է խոսքը. հիմա՝ Լյուքսը նրան հայհոյեց, թե նա Լյուքսին հայհոյեց, թե ինչ եղավ, փաստորեն երեքի ճակատագիրն էլ խեղվեց… Լյուքսը՝ Աստված հոգին լուսավորի, իմ որդին էլ այսպես…,- ասել է Վաղինակ Սարգսյանը,- Բոլորի ցուցմունքներով իմ որդին բացարձակ չի մասնակցել վիճաբանությանը, Հրաչյան ընդամենն ասել է՝ զենքն իջեցրու, խաղալիք չի։ Մի գնդակ է եղել արձակված , Հրաչյայից անցել է Լյուքսին։ Հա, ի դեպ, շրջանառության մեջ լուրեր կան, թե իբր Դավիթի ընտանիքի հետ ենք պայմանավորվածության եկել, թե ինչ, տգիտության վերին աստիճան… մարդն ինչքան պիտի սրիկա լինի, որ նման արտահայտություններ անի»։
Աբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: