Բաժիններ՝

ԲՀԿ-ի պատասխանը՝ Արմեն Աշոտյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Վահե Էնֆիաջյանը պատասխանել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

«Հունվարի 16-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի կողմից եղավ առաջարկ մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու կապակցությամբ, որը ստացավ կառավարության և նրա ղեկավարի հավանությունը:

Միանշանակ գաղափարը լավն է, սակայն այն իրականում կառավարությանը չի պատկանում…

Դեռևս 2006թ.-ից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրվելով՝ տոնում ենք ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը: 2013 թ.-ի տարեսկզբին ԲՀԿ Երիտասարդների Միությունը ուսանողների պաշտոնական ֆիքսված օր ունենալո կապակցությամբ կազմակերպել էր համացանցային և լայնամասշտաբ հարցում-քվեարկություն:

Առավել ևս, որ ԲՀԿ երիտասարդների Միությունը, դեռևս 8 տարի առաջ, առաջինն էր, ով սկսեց տոնել Ուսանողների միջազգային օրը, ինչի շնորհիվ է, որ այդ տոնն արդեն ընկալվում է հասարակության կողմից և ավելին, օրինակ վերցնելով ԲՀԿ-ից, ՀՀԿ-ն նույնպես սկսեց տոնել այդ նույն օրը: Տոնի օրվա առնչությամբ հանդիպեցի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հետ քննարկեցինք Սբ. Սարգսի և Ուսանողների միջազգային օրը ոչ շարժական լինելու մասին և եկանք հայտարարի, որ որոշ ժամանակ անց հանդես գամ օրենսդրական նախաձեռնությամբ: Հաշվի առնելով հանրության կարծիքը, որ արտահայտվեց վերոնշյալ քվեարկության արդյունքում, մենք հանդես եկանք օրենսդրական առաջարկով, այն է՝ նոյեմբերի 17-ը, որը բոլորն են տոնում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրելով որպես պետական տոն, որով մեծապես կարևորվում է ուսանողի դերն ու սկզբունքային նշանակությունը մեր հանրապետությունում: Այսպիսով, 2013թ.-ի դեկտեմբերի 16-ին, ԱԺ շրջանառության մեջ դրեցինք օրենքում լրացում կատարելու նախագիծը և ավելին, այն ստացավ ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի փորձաքննության վարչության դրական եզրակացությունը: Սակայն կառավարությունը չդավաճանեց իր սկզբունքները և նախագիծը, կառավարությունում ստանալուց ուղիղ մեկ ամիս հետո՝ 2014թ.-ի հունվարի 16-ին, Կրթության և գիտության նախարարի կողմից կառավարության նիստում առաջարկ արվեց  այդ նույն տոնը նշելու միջնորդությամբ:

Սա քաղաքական հարց չէ, սակայն ամեն անգամ փաստում ենք՝ ԲՀԿ-ի կողմից առաջարկված յուրաքանչյուր հարցի կառավարությունն արձագանքում է ոչ ադեկվատ և զերծ որևէ տրամաբանությունից:

Հաշվի առնելով, որ ԱԺ-ն այժմ արձակուրդում է և առաջին քառօրյան նախատեսված է փետրվարի սկզբին, իսկ կառավարության նիստերն ամեն հինգշաբթի օրն է, ապա կառավարությունը չհապաղեց և ԲՀԿ-ի կողմից ներկայացված նույն առաջարկով հանդես եկավ, պարզապես առաջարկելով փոխել օրը և սահմանել մայիսի 16-ը՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ որպես ուսանողների օր:

Թերևս պլագյատի լավագույն դրսևորում կառավարության կողմից:

Մենք կողմ ենք ցանկացած լավ մտքի կյանքի կոչմանը, բայց դա չպետք է արվի մտքագողությամբ: Երևի հապճեպությունն ու գայթակղությունն են եղել պատճառը, որ անտեսելով հայկական կրթօջախների դարերի պատմության մեջ ունեցած անգնահատելի ներդրումը, դրանցից որևէ մեկի հիմնադրումն օրինակ որպես Ուսանողի օր նշելու փոխարեն, առաջարկում են պետական ԲՈՒՀ-երից մեկի հիմնադրման օրը: Ցավով պետք է փաստել, որ, չնայած իր կանոնադրությանն ու ԲՈՒՀ-երի մասին օրենքի, այդ նույն ԲՈՒՀ-ն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, և իր գործունեությունը ծավալում է հենց այդ դիրքորոշումից չշեղվելով:

Որպես հետգրություն ասեմ, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում առկա են բոլոր արխիվային հիմքերը, որոնք ապացուցում են, որ կառավարության որոշումից դեռևս մեկ ամիս առաջ իմ և գործընկերներիս կողմից ներկայացվել էր այն նախագիծը, որը կառավարությունը ծիծաղելիորեն փորձում է ներկայացնել իբրև հեղինակային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս