«Բաղդասարովը թող իր սեփական գրպանից աշխատավարձ վճարի». մամուլ
«Արմավիայի» նախկին աշխատակիցները ավիաընկերության գույքի վաճառքից գումար ստանալու հուս չունեն
«Առավոտ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում օդաչու Տիգրան Ասլանյանն ասել է, որ «Արմավիան» իրեն մոտ 4 միլիոն դրամից ավելի պարտք ունի. այն ստանալու համար օդաչուն նախորդ տարվա հուլիսին է դիմել դատարան, սակայն «Արմավիայի» ներկայացուցիչը, ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով՝ ձգձգում է նիստերի գործընթացը։ Տիզրան Ասլանյանի պատմելով՝ նոյեմբերին նիստը նշանակված էր, բայց ավիաընկերության ներկայացուցիչը պնդել է, թե մենք սխալ դատարան ենք դիմել. «Ու վստահեցրեց, թե Մալաթիայի դատարան պիտի դիմեինք, իսկ մեր տեխնիկներից դիմել էին հենց Մալաթիայի դատարան, այնտեղ էլ ասել էին, թե Կենտրոնի դատարան պիտի դիմեին։ Այսինքն՝ միտումնավոր դատական գործընթացը ձգձգում են»:
Տիգրան Ասլանյանի խոսքերով՝ «Արմավիան» անընդհատ հայտարարում է, թե կամաց-կամաց վճարում են աշխատավարձերը, անձամբ ինձ համար սուտ է այդ տեղեկատվությունը։ Ես իմ վերջին՝ 2012 թվականի հուլիսի աշխատավարձը ստացել եմ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։
Դրանից հետո ոչ մի կոպեկ «Արմավիայից» ես չեմ ստացել։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ոչինչ չեն տվել»։ Տիգրան Ասլանյանը վստահեցրել է, որ կապի մեջ է իր գործընկեների հետ, և մի քանի տասնյակից ավելի մասնագետներ ևս չեն ստացեյ աշխատավարձերը։ Պարոն Ասլանյանի ներկայացմամբ՝ մի քանի բորտուղեկցորդներ դիմել էին դատարան՝ չվճարված օրապահիկի գումարները ստանալու համար, և դատը շահել են, բայց ինքը՝ Տիգրան Ասլանյանը, հույս չունի, որ անգամ դատարանով իր գումարը կստանա։
«Կարծեմ «Արմավիան» 2 ինքնաթիռ վաճառեց։ Թե էդ գումարները ո՞ւմ վճարեց՝ չգիտեմ, մենք վերջին պլանում ենք։ Եթե գույք չունի, Բաղդասարովը թող իր գրպանից վճարի, ասում են՝ 400 միլիոնի կարողություն ունի, թո՛ղ վճարի»։
Տիգրանի՝ մոտ 80 գործընկերներ հիմա արտերկրում են, իսկ նրանք լավագույն մասնագետներն են եղել Հայաստանում։ Ներկայումս, ինչպես Տիգրանը ասաց, մոտ 20 օդաչուներ ու տեխնիկներ «Էյր Արմենիայում» են աշխատում. «Իսկ նրանք, ովքեր արտագաղթել են, չեն էլ ուզում վերադառնալ Հայաստան, որքան էլ այստեղ այլ ընկերություններ բացվեն։ Արտերկրի ավիաընկերություններում 2-3 անգամ բարձր աշխատավարձ են ստանում, սոցփաթեթ ունեն, անվճար գնում են հանգստանալու ու բուժվելու, բավականին լավ արտոնություններ ունեն, չեն գա։ Ու բոլորի հետ որ խոսում եմ, բոլորն էլ ասում են, որ աշխատավարձը «Արմավիան» չի վճարել։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: