
Տղամարդու հետ գրկախառնվելու ընթացքում 36-ամյա կինը գրպաններից գումար է գողացել

Դատարանի վարույթում է գտնվում 2 անգամ գողություն կատարելու մեջ մեղադրվող կնոջ դեմ հարուցված քրեական գործը: 36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի մոտ գտնվող մանկապարտեզի բակում, տղամարդու հետ գրկախառնվելու ընթացքում, վերջինիս գրպաններից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 30.000 ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Կնոջը ևս մեկ մեղադրանք է առաջադրվել Երևանի «Գետառ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, օգտվելով մեկ այլ տղամարդու քնած լինելու հանգամանքից, նրա տաբատի գրպանից գաղտնի վերցրել է 59.000 ՌԴ ռուբլի և 100.000 ՀՀ դրամ ու դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել. տղամարդը, լսելով դռան ձայնը, արթնացել է, դուրս եկել սենյակից ու բռնել կնոջը:
Նրան մեղադրանք է առաջադրվել գողության և խոշոր չափերով գողության փորձի հմար (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):