
Առաջարկվում է մինչև 30 տարեկան դատապարտյալների համար միջնակարգ կրթության պարտադիր կազմակերպում

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծ: Նպատակը քրեակատարողական օրենսդրության մեջ հստակեցումներ մտցնելն է:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է հեղինակը, օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը տևական ժամանակ զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ և 2005 թ-ից լինելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ, քաջատեղյակ է քրեակատարողական համակարգի հիմնախնդիրներին:
Օրինագծով պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է գործող օրենսգիրքում լրացուցիչ ամրագրել ուղղիչ հիմնարկում արգելվող գործողությունները և արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դատապարտյալների սահմանափակվող իրավունքները, իսկ հավելվածով` այն իրերի և սննդամթերքի ցանկը, որոնք կալանքի և ազատազրկման դատապարտված անձանց արգելվում է ունենալ կամ ստանալ հանձնուքներով, ծանրոցներով:
Հասարակության մեջ դատապարտված անձանց հետագա ինտեգրումը հեշտացնելու նպատակով պատգամավորն առաջարկում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից մինչև 30 տարեկան դատապարտյալների համար պարտադիր միջնակարգ կրթության կազմակերպում: Ըստ առաջարկվող լրացման, 30 տարին լրացած դատապարտյալների համար միջնակարգ կրթությունը կազմակերպվում է ըստ դատապարտյալի ցանկության:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: