
Ֆեթհուլլահ Գյուլենը «մահացու» հարված է հասցրել Էրդողանին. Wall Street Journal

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում վտարանդիության մեջ գտնվող Ֆեթհուլլահ Գյուլենը մտահոգություն է հայտնել Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հակաժողովրդավարական քայլերի կապակցությամբ:
Գյուլենը քննադատել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությանը, քանի որ վերջինս դեկտեմբերի 17-ի սկանդալից հետո փորձել է պատասխանատվությունից շեղել կառավարության անդամներին և պատժել կոռուպցիան բացահայտածներին:
Ապա Գյուլենը «մահացու» հարված է հասցրել Էրդողանին՝ Թուրքիայի քաղաքացիներին կոչ անելով առաջիկա ընտրություններում աջակցել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ).
«Երբ վրա կհասնի այդ պահը, «Ջամաաթ» շարժման անդամները (Գյուլենի կողմնակիցները) կանեն անհրաժեշտ ընտրություն և կաջակցեն ԺՀԿ-ին»: Նշվում է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների քանակը Թուրքիայում կազմում է մինչև 20 միլիոն մարդ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ, որոնցում ժողովուրդն առաջին անգամ կընտրի երկրի նախագահին (մինչ այս Թուրքիայի նախագահին ընտրել է երկրի խորհրդարանը): Հաջորդ տարի էլ Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: