Յանուկովիչը երկխոսության կոչ է արել, իսկ ընդդիմությունը պահանջում է չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունված օրենքները
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկխոսության եւ փոխզիջման կոչով դիմել է հայրենակիցներին` հավաստիացնելով, որ իր կողմից կանի հնարավորը` հասարակական կարգի ապահովման համար, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Ես երկխոսության, մեր հայրենիքում հանգստության կոչ եմ անում: Հավատում եմ Ուկրաինայի ժողովրդին: Վստահ եմ մեր մարդկանց իմաստնությանը: Եւ պատրաստ եմ ծառայել պետությանը եւ մարդկանց` հավատով եւ ճշմարտութամբ, քանի դեռ կբավականացնեն ուժերս եւ ժողովրդի վստահությունը»,-ասված է Յանուկովիչի` ժողովրդին հղած ուղերձում, որը հրապարկվել է երկուշաբթի երեկոյան:
Նա հավաստիացրել է, որ կօգտագործի իրավական եւ օրենքով նախատեսված բոլոր մեթոդները` հասարակական կարգուկանոնի եւ բոլոր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Մինչ այդ, Ուկրաինայի «Սվոբոդա» կուսակցությունը հայտարարել է, որ իշխանության հետ բանակցություններն անհնար են` մինչեւ որ հունվարի 16-ին ընդունված«հակասահմանադրական օրենքները» չեղյալ չհամարվեն: