Ռուբիկ Հակոբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ, լուրջ չեն: 168.am-ի հետ զրույցում` ի պատասխանն այն հարցի, թե հիմքեր տեսնո՞ւմ եք Ռ. Քոչարյանի վերադարձի համար, Ռուբիկ Հակոբյանն ասաց, թե ՀՀ երկրորդ նախագահի ակտիվությունը հարցազրույցների տեսքով դեռ բավարար պայման չեն՝ նրա վերադարձի մասին խոսելու համար:

«Դա այն դաշտն է, որը կարծում եմ… դա այնքան լուրջ թեմա չէ: Ո՞վ կարող է ենթադրել՝ նա ուզո՞ւմ է վերադառնալ, թե՞ ոչ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս ՀՀ նախագահները, իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումները: Եվ ասել, թե հարցազրույցների ակտիվությամբ Ռ. Քոչարյանն ուզում է վերադառնալ քաղաքականություն՝ բավարար պայման չէ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Ռոբերտ Քոչարյանը գործող վարչապետին հարված է հասցնում ընդդիմադիր դիրքերից, Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ՝ դրանք  ոչ թե քաղաքական, այլ՝ բարոյական գնահատականներ են: «Գիտեք՝ հարցն ավելի շատ բարոյական հարթության վրա է քննարկվում, քան քաղաքական: Բոլոր նախագահներին ժողովուրդը հարց ունի տալու՝ ստեղծված իրավիճակն ինչի՞ արդյունք է: Եվ բոլոր նախագահները պետք է պատասխանեն այդ հարցին, բացատրություն տան: Բայց ասել, որ եթե նախագահը տեսակետ է հայտնում, ուրեմն վերադառնում է, կամ նման ցանկություն ունի, ճիշտ չէ. դա ոչինչ, քան ուշադրությունը շեղելու փորձ որակել չի կարելի: Ես կարծում եմ նրա վերադարձի մասին խոսակցություններն արհեստածին են… »,- հավելեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս