Անդրիաս Ղուկասյան. Այն, որ Ռոբերտ Քոչարյանն օգտագործվում է՝ որպես գործիք կառավարության դեմ, փաստ է
168.am-ի հարցազրույցը քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև տեղի ունեցող հեռակա «փոխհրաձգությունն», ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում:
– Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը վարկաբեկեց վարչապետին, էներգետիկայի նախարարին, կառավարության անդամներին՝ նախանշելով, որ հակաքարոզչությունը կառավարության դեմ ինքը շարունակելու է վարել նաև ապագայում: Վաղ թե ուշ առաջանալու է խնդիր, որ Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ ստիպված են լինելու հրապարակել միմյանց հետ հարաբերությունները:
– Համաձայն չե՞ք այն տեսակետներին, որ Ռ. Քոչարյանի ակտիվությունը պատահական չէ. նա ցանկություն ունի վերադառնալ՝ վարչապետի պաշտոնում:
– Կարծում եմ, որ Քոչարյանի վերադարձը հնարավոր չէ՝ պայմանավորված արտաքին, ներքին խնդիրներով: Բայց այն, որ Ռոբերտ Քոչարյանն օգտագործվում է՝ որպես գործիք կառավարության դեմ, փաստ է:
– Ո՞ւմ կողմից է օգտագործվում:
– Այդ հարցին պիտի Սերժ Սարգսյանը պատասխանի: Ս. Սարգսյանն իր կառավարության թիմակից անդամներին բացատրելու խնդիր ունի, ինչն արվում է Քոչարյանի միջոցով: Ռ. Քոչարյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարության դժգոհությունը, ինչն առանց համաձայնության, առանց պայմանավորվածության, չէր արվի: Քանի դեռ Ս. Սարգսյանն իր կարծիքը հրապարակայնորեն չհայտնի այդ բանավեճի մասին, կարող ենք մտածել, որ դա Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան համաձայնեցված քայլ է՝ ընդդեմ կառավարության:
– Բայց ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը Ռ. Քոչարյանի միջոցով քննադատի կառավարությանը: Ինչո՞ւ անձամբ չի կարող քննադատել:
– Որովհետև Սերժ Սարգսյանը կարևոր հարցերի մասին երբեք իր շուրթերով չի խոսում, իսկ երբ խոսում է՝ սովորաբար խաբում է: Այն, ինչ խոսեց Սերժ Սարգսյանը, կամ սուտ էր, կամ անհեթեթություն:
– Ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր չէ: Ի՞նչն է խանգարում նրան՝ վերադառնալ քաղաքականություն:
– Արևմուտքը: Նրան խանգարում է Արևմուտքը, որը դեմ է նրա վերադարձին: Քոչարյանն իրեն դրսևորել է՝ որպես ոչ կայուն գործընկեր Արևմուտքի համար: Նա իր նախագահության տարիների ընթացքում քայլեր է արել, բացի դրանից, նա ասոցիացվում է կոռուպցիայի հետ, նա ունի վատ կենսագրություն, որի պատճառով Արևմուտքը նրան աջակցել չի կարող: