Կիևում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 200 մարդ. կան նաև լրագրողներ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևում՝ Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտի մոտ, ցուցարարների ու ոստիկանների միջև գրանցված բախումների հետևանքով տուժածների ընդհանուր քանակը գերազանցել է 200-ի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ը:
Նշվում է, որ բժիշկների օգնությանն է դիմել 103 ցուցարար, որոնցից 42-ը հիվանդանոցներում հայտնվել է տարբեր աստիճանի վնասվածքներով: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր (աչքերի, վերջույթների վնասվածքներ): Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտնել է, որ ցուցարարների հետ բախումից տուժել է մոտ 100 ոստիկան, որոնցից 61-ին հոսպիտալացրել են:
Տուժածների թվում է հայտնվել ուկրաինական Նորությունների հեռուստատեսային ծառայության լրագրողուհի Նատալիա Պիսնյան, ով վիրավորվել է ոտքի շրջանում: Նրա վիրավորվելու մանրամասները դեռ անհայտ են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժածների թվում են հայտնվել «Իզվեստիա» թերթի ու «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները: