Ֆինանսական բուրգի գործով դատական նիստը հետաձգվեց. Միակ մեղադրյալի առողջական վիճակը ծանր էր
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ հայտնի ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Գործով միակ մեղադրյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը դատական նիստի ընթացքում հանդես եկավ միջնորդությամբ. պաշտպանը միջնորդեց Արթուր Անդրեասյանին ենթարկել դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու արդյոք վերջինս առողջական նման վիճակում գտնվելով կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե ոչ:
Հ. Գրիգորյանն ասաց, որ իր պաշտպանյալը տառապում է գլխուղեղի անևրիզմա հիվանդությամբ, ինչպես նաև ինսուլտ է տարել: Նշենք, որ ամբաստանյալը դժվարությամբ մտավ դատական նիստերի դահլիճ: Հ. Գրիգորյանն էլ ասաց, որ Արթուր Անդրեասյանի ձեռքերը կապտած էին. դա, ըստ նրա, անոթների անբավարար աշխատանքի արդյունք է:
Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը, սակայն, չշարունակվեց. ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանն ասաց, որ իր պաշտպանյալի վիճակը շատ ծանր է, և նա ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին, միջնորդում է գործի քննությունը հետաձգել: Համազասպուհի Գրիգորյանն ասաց, որ Արթուր Անդրեասյանը գլխապտույտ ունի: Ամբաստանյալն էլ հայտարարեց, որ չի կարողանում խոսել: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց այս միջնորդությունը. դատական նիստը հետաձվեց: Հարջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:
Հիշեցնենք, Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետ, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Մանրամասները՝ շուտով