
Ուկրաինական ընդդիմությունը Յանուկովիչի համար պատրաստել է 5 պահանջ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմությունը նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար պատրաստել է առաջարկների փաթեթ: Նվազագույն պահանջները հինգն են, որոնցից առաջինը վերաբերում է նախագահական ու խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելուն:
Բացի այդ, պահանջվում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների մասին օրենքում կատարված փոփոխությունները (կապված նախագահի լեգիտիմությունը դյուրացնելու հետ) և վերափոխել ԿՀՎ-ը: Երրորդ պահանջն առնչվում է Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականին և անցումային կառավարության ձևավորմանը:
Բացի այդ, ընդդիմությունը պահանջում է գլխավոր դատախազի ու խորհրդարանի նախագահի հրաժարականները, իսկ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի դեպքում պահանջվում է չբավարարվել միայն հրաժարականով: Հինգերորդ պահանջն էլ առնչվում է սկանդալային բոլոր օրենքների չեղյալ հայտարարմանը և հեղափոխական դիմակայության բոլոր մասնակիցների հանդեպ լիակատար համաներում հայտարարելուն:
Նշվում է, որ առաջին կետի մասով ուկրաինական ընդդիմությունը պատրաստել է «պահեստային տարբերակ»: Խոսքը գնում է քաղաքական բարեփոխումներ անցկացնելու, նախագահի լիազորությունները կրճատելու և 2015 թվականին նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:
Ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն չի բացառում, որ Ուկրաինայի ներքաղաքական զարգացումները կարող են վերաճել քաղաքացիական պատերազմի: Կլիչկոն ընդգծել է, որ իրենք անում են ամեն հնարավոր բան՝ արյունահեղությունը բացառելու համար: