
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյան. «Էնպես չի, որ էդ 300 միլիոնը մարդիկ գողացել են»

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի ժխտում, որ երկրում կան «դժգոհ մասսաներ», սակայն միաժամանակ գտնում է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են շահարկել առկա սոցիալ-տնտեսական հարցերը: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Ըստ Ալեքսանյանի` ընդդիմադիր ուժերը նման սոցիալական խնդիրներն, ինչպիսին, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային հիմնադրամի հայտնի հարցն է, ձգտում են լուծել միայն իշխանափոխության միջոցով, ինչն, իր կարծիքով, շահարկում է: ՀՀԿ-ականը կարծում է, թե նման հարցերը կարելի է լուծել նաև իշխանության հետ համագործակցելով` առանց իշխանափոխության հարց դնելու:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունը որևէ քայլ չի անում` հասարակության դժգոհ հատվածին ընդառաջ, հանրապետականը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ չի անում: Ինչ-ինչ` դուք լավ գիտեք, որ իշխանությունները, հանրապետության նախագահը, շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում այն հարցերին, որոնք շոշափվում են, քան նախկինում եղել է»:
Նա նաև ավելացրեց, թե սոցիալական դրդապատճառներով վերջին օրերին սկսված բողոքի ակցիաները չեն կարող ձնագնդի էֆեկտ ունենալ, «որովհետև այդ խնդիրը շոշափում է ինչ-որ շերտերի շահեր»:
Սրան հակառակ` ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, պնդեց, որ բոլորն են դեմ կենսաթոշակային պարտադիր համակարգին, և քաղաքական շահարկում չկա:
Նա կարևորեց հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական ուժերի միասնությունը և ավելացրեց, թե առանց քաղաքական ուժի` որևէ քաղաքացիական նախաձեռնություն հաջողության չի կարող հասնել:
Տնտեսական խնդիրների քննարկումն աստիճանաբար հանգեցրեց ավելի սուր հարցերի` գազի ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ կնքված պայմանագրին և գազի սակագնի բարձրացման խնդիրներին:
«Հիմա հասարակությունը բարձրացրել է իր ձայնը. գազի հարցում բարձրացրեց, կենսաթոշակի հարցում բարձրացրեց, ի՞նչ արեց իշխանությունը: Իշխանությունն անընդհատ ուզում է համոզել, որ սա ճիշտ է, սա լավ է, բայց մենք, ինչպես ասում են, գիտենք մեր գլխին եկած բոլոր չարիքների մասին: Ոչ մի վստահություն կենսաթոշակային համակարգի հանդեպ չկա, մարդիկ չեն հավատում, չեն վստահում, գազի հետ կապված` էլ չասեմ, թե ինչ խոր հիասթափություն է բերում այդ պայմանագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Իսկ Լեռնիկ Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, թե Մաքսային միությանն անդամակցելու հարցը կապ չունի գազի պայմանագրի և «ՀայՌուսգազարդ» ընկերությունում հայկական 20 տոկոսանոց մասնաբաժնի հանձնման հետ:
«Դրանք առանձին խնդիրներ են. Մաքսային միություն մտնելու որոշումը քաղաքական քայլ էր, գազի հետ կապվածը քաղաքականության հետ կապ չունի»,- ասաց Լ. Ալեքսանյանը:
«Լավ, էդ ո՞ւմ եք ասում, էս լսարանում մարդ կա՞, որ Ձեզ հետ համաձայն է»,- պատասխանեց Ա. Բախշյանը:
Նշենք, որ, ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ արդեն տրվել է այն հարցերի պատասխանը, թե ինչո՞ւ է Հայաստանում գազի սակագինը 1000 մ3-ի դիմաց 180 դոլարի փոխարեն՝ դարձել շուրջ 400 դոլար, և ինչպես է գոյացել «ՀայՌուսգազարդում» շուրջ 300 մլն պարտքը, որի դիմաց «Գազպրոմին» հանձնվեց հայկական մասնաբաժինը:
«Էնպես չի, որ գողանում են, էդ 300 միլիոնը մարդիկ գողացել են, յուրացրել են: Սա իրոք շահարկում է: Ո՞նց կարող է` 300 միլիոնը յուրացնեին»,- պնդեց պարոն Ալեքսանյանը:
Լրագրողներից մեկը հարցրեց` «ինչպե՞ս եք հավատում մի նախարարի, ով անընդհատ ստում է»:
«Ես նախարարին չեմ հավատում, ես հավատում եմ իմ տրամաբանությանը,- պատասխանեց հանրապետականը: -Նորից եմ ասում` էդ պարտքը, որ կուտակվել է, էն դեպքում, երբ գազի գինը թանկացել էր, ու հանրությանը չէր ասվել, չէ, ասվել էր, պարտք էր գոյացել, փոխհատուցվում էր»:
«Լեռնիկ, սիրելիս, մի հարց ունեմ. Դուք, երբ հավաքվում եք, որպես քաղաքական թիմի անդամ` չե՞ք ասում` ա՛յ նախարար Արմեն Մովսիսյան, ձեր պատճառով մենք թուք ու մուր ենք ուտում: Այնպես աշխատեք, որ կարողանանք տակից դուրս գալ»,- երկար լռությունից հետո դիմելով Լ. Ալեքսանյանին` ասաց Ա. Բախշյանը:
Սրան Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, թե բոլորը գիտեին, որ գազի գինը թանկացել է, և Արմեն Մովսիսյանն էլ բանակցությունների ընթացքում, ըստ նրա, ասել է, որ «գազի գինը բարձրանում է, բայց փոխհատուցվում է»:
Բախշյանն, ի պատասխան՝ հիշեցրեց, որ գազի սակագնի բարձրացումը բացահայտել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը և մասնավորապես` Արամ Մանուկյանը, հետո ավելացրեց. «Է, Լեռնիկ, շնորհակալ գործ չես անում, եղբայր»: