
Լիբանանում կփակվի՞ կառավարելի քաոսի հանգրվանը

Լիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների: Կառավարության կազմության ուղղությամբ դրական նախադրյալներ փոխանցող երեւույթները աւելանում են, առանց իհարկե իրողական տվյալներ ճշտելու: Տրամագծորեն հակադրված բեւեռների միջեւ հայտարարողական մակարդակի վրա փոխասացությունները մտածելու տեղիք են տալիս, որ տեղաշարժի սկիզբը մոտալուտ է:
Բայց լիբանանյան դիպաշարին հետեւելու փորձառություն կուտակած ցանկացած մարդու մտքում մրճահարվում է թերահավատությունը, որ ամեն պահի պատրվակ-պատճառային անմիջական հետեւողականությամբ կարող է կտրուկ փուլ գալ լավատեսություն կոչվող լիբանանյան խավաքարտից կառուցված դղյակը, եթե մանավանդ արտալիբանանյան կենտրոններում աշխատող կանաչ լույսերը վերածվեն կարմիրի: Այս հանգրվանին թվում է, որ նարնջագույն լույսը դեպի կանաչի անցում կատարելու կարգավիճակում է եւ ոչ թե դեպի կարմիրի:
«Ժնեւ-2»-ը հետզհետե տեսանելի է դառնում: Հատուկ լուսարձակ է խլում ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հայտարարությունը, որի համաձայն, տարածաշրջանային կարեւոր ուժ նկատվող Իրանի գործոնը դրական դերակատարություն պետք է ունենա սիրիական տագնապի հանգուցալուծման ընթացակարգում:
Սրան գուցե նախանշային իմաստ պետք է տալ` միջուկային թղթածրարի հարցով նոր բանակցությունների վերաձեռնարկման մոտալուտ լինելը նկատի ունենալով: Այս պարունակում էլ պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վերահաստատումը, թե ժամանակը չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:
«Ժնեւ-2»-ի տեսանելիության զուգահեռ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության հարցով միջազգային դատարանի նիստերի մեկնարկի հետ կապվող երեւույթների մեկնաբանությունը կարիքը ունի հետագա ուղղվածությունների ձեւավորման: Ուշագրավն այն է, որ նախապես ամբաստանության սլաքների հասցեատիրոջ հետ կառավարություն կազմելու պատրաստակամությունը հրապարակվում է այժմ` քաղաքական համեմատական լավատեսության նոր երանգ ապահովելով:
Ապահովական գետինը համապատասխան չէ քաղաքական մակարդակի վրա արձանագրվող նոր երեւույթներին: Հերմելի պայթումից մինչեւ Արսալի հրթիռակոծումն ու հյուսիսի վառոդի տակառների պայթուցիկության չափը մտածել են տալիս երկրի ու քաղաքացիների կյանքերին սպառնացող լուրջ վտանգների մասին:
Մինչ, Մոսկվա-Վաշինգտոն հրադադարի համաձայնությամբ եւ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի քիմիական զինաթափման գործողությունների մեկնարկով սիրիական ճգնաժամը հիմնական ձեւափոխում է ապրել: Կառավարական եւ հակակառավարական ուժերի բախումը վերածվել է ծայրահեղ կրոնականության կողմից իրականացվող լայնածիր գործողությունների բանակի դեմ եւ ապա ներընդդիմադիր ընդհարումների եւ նույնիսկ ներծայրահեղական հակամարտությունների:
Ծայրահեղականության արմատավորումն ու կայացումը հայտնապես մտահոգել են Արեւմուտքը: Իրաքի իշխանությունների սանձազերծած մաքրազտման գործողությունները մտածել են տալիս այս ուղղությամբ համալիր ծրագրի մասին:
Այս տրամաբանության մեջ կարող են դիտարկվել նաեւ զսպիչ հանգամանքները` Լիբանանը սիրիական տարբերակով չքաոսացնելու: Իրանի գործոնի դրական հանգամանքը տեսնելու կամ իրանամետ ուժերի հետ կառավարություն կազմելու ուղղությամբ պատրաստակամ լինելու: Լիբանանը ծայրահեղականության դիմաց դարպասելու նպատակով մինչեւ այս գործիքների պտուտակների ամրացումը, չի բացառված, որ այս երկիրը ցնցեն այլ պայթումներ: Կառավարելի քաոսի այս հանգրվանը փակելը անհրաժեշտ է, իսկ այդ հանգրվանի համար նույնքան անհրաժեշտ` կառավարության կազմությունը: Բայց սա արդեն արտալիբանանյան կենտրոններում է որոշվում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր