
ԵՄ-ի Խորհուրդն այսօրվա նիստում քննարկելու է Ուկրաինայի հարցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդն արտաքին հարաբերությունների վերաբերյալ իր այսօրվա նիստում քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կապված ցուցարարների ու ոստիկանների միջև գրանցված վերջին բախումների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը.
«Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը: Մենք գիտենք, որ Յանուկովիչն ասել է, որ այսօր բանակցություններ են անցկացվելու քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ դրանք տեղի կունենան և կտեսնենք, թե ինչպիսին կլինի դրանց արդյունքը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ իր աշխատակազմի ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ դիտարկելու համար երկրում առկա քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցերը:
Ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմության առաջնորդների հետ հանդիպելու է հունվարի 20-ին: