Նախորդ տարի Չինաստանի բնակչությունն աճել է մոտ 7 միլիոն մարդով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի բնակչությունը (առանց Հոնգկոնգի, Մակաոյի ու Թայվանի) 2013 թվականին աճել է 6.68 միլիոն մարդով՝ հասնելով 1.36 միլիարդի: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը:
Մեկ տարում Չինաստանում ծնվել է 16.4 միլիոն մարդ և մահացել է 9.72 միլիոն մարդ: Բնական աճը կազմել է 0.49 տոկոս: Նախկինի նման բնակչության շրջանում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 697.28 միլիոն, մինչդեռ իգական սեռի ներկայացուցիչների ցուցանիշը կազմել է 663.44 միլիոն մարդ:
2013 թվականին աշխատունակ (16-59 տարեկան) մարդկանց քանակը կրճատվել է 2.44 միլիոն մարդով՝ նվազելով մինչև 919.54 միլիոնի (ողջ բնակչության 67.6 տոկոսը): 60-ից ավել տարիք ունեցողների քանակը կազմել է 202.4 միլիոն մարդ (Չինաստանի ողջ բնակչության 14.9 տոկոսը):
Գրեթե յուրաքանչյուր 10-րդ չինացին (բնակչության 9.7 տոկոսը) ապրել է 65 տարի և ավելի: Նախորդ տարի Չինաստանի տնտեսությունում աշխատողների քանակն ավելացել է 2.73 միլիոնով՝ հասնելով 769.77 միլիոն մարդու:
2013 թվականին քաղաքաբնակ չինացիների քանակն աճել է 19.29 միլիոնով՝ հասնելով 731.11 միլիոն մարդու (ողջ բնակչության 53.73 տոկոսը): Գյուղաբնակների քանակը նվազել է 12.61 միլիոնով՝ կազմելով 629.61 միլիոն մարդ: