
Վոլգոգրադի պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է իրաքյան «Անսար ալ-Սունա» խմբավորումը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերին Վոլգոգրադում իրականացված պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է իրաքյան «Անսար ալ-Սունա» խմբավորումը: Համապատասխան հայտարարությունը տարածվել է ծայրահեղական կայքերում:
Խմբավորման տարածած հայտարարությունում նշված է, որ ահաբեկչություններն իրականացրել են Սուլեյմանը և Աբդուռահմանը: Բացի այդ, նշված է, որ հարձակումներն իրականացվել են այն բանից հետո, ինչ «Կովկասի էմիրության» առաջնորդ Դոկու Ումարովը խոստացավ շարունակել իր ակցիաները:
Ամերիկյան Associated Press գործակալության տվյալներով՝ տեսանյութը հեղինակած խմբավորումն անվանվում է «Դաղստանի վիլայեթ» և բազավորված է ոչ թե Իրաքում, այլ՝ Հյուսիսային Կովկասում: Գործակալությունը նաև ընդգծել է, որ խմբավորումը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ:
2013 թվականի դեկտեմբերի վերջին Վոլգոգրադում գրանցվել էր երկու պայթյուն, ինչի հետևանքով զոհվել էր 34 և վիրավորվել էր ավելի քան 70 մարդ: