
Ամերիկացի կոնգրեսականները ՌԴ-ին մեղադրել են Սոչիում սպառնալիքների մասին տեղեկատվությունը քողարկելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հրաժարվել են Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ հնարավոր սպառնալիքների մասին ամբողջական տեղեկատվություն հատկացնել ամերիկյան իշխանություններին:
Այս մասին երեկ հայտարարել են ամերիկացի կոնգրեսականները: ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններն ամերիկյան հետախուզությանը չեն ներկայացնում բավականաչափ տվյալներ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին:
Նման մտահոգություն է հայտնել նաև Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգուիթյան հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով համագործակցությունը կարող էր կառուցված լինել ավելի լավ ձևով: Մաքքոլն ընդգծել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս անվտանգության հարցերը քննարկել Ռուսաստանի իշխանությունների հետ.
«Սոչիի Օլիմպիական խաղերին պատրաստվում է այցելել մոտ 15.000 ամերիկացի, և ես ցանկանում եմ անել ինձանից կախված ամեն ինչ՝ համոզվելու համար, որ օլիմպիական խաղերը կանցնեն բարեհաջող ու անվտանգ»: