
Եգիպտոսի դատախազությունը քրեական դատարանին հանձնել է Մուրսիին առնչվող ևս մեկ գործ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի դատախազությունը քրեական դատարանին հանձնել է ևս մեկ գործ, որն առնչվում է նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ» շարժման մի շարք առաջնորդների:
Նրանց մեղադրում են դատավորներին վիրավորելու և իշխանության ղեկին գտնված ժամանակ դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Նշվում է, որ Մուրսիի նախագահության ժամանակ երկրում բռնկված քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը եղել է դատական կորպուսի ու երբեմնի իսլամական կառավարության միջև կոնֆլիկտը:
Դեռևս Մուբարաքի ժամանակ նշանակված դատավորներն ակտիվորեն բողոքել են իսլամական նախագահի հրամանների ու օրինագծերի մեծ մասի դեմ: Կառավարությունն իր հերթին նույնպես հրաժարվել է կատարել դատական բազմաթիվ որոշումներ: Նոր գործը Մուրսիի ու նրա մերձավորների համար կլինի դատական չորրորդ գործընթացը: