Դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում

Հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի դեսպանը ներկայացրել է հայկական կողմի առաջնայնություններն ու տեսլականը 2014 թվականի ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ:

Արձագանքելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ելույթին` նա համաձայնել է շվեյցարական կողմի հետ, որ անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից` նշելով, որ Առաջին աշխարհամարտի քողի ներքո իրագործվեց մեկևկես միլիոն հայերի կյանք խլած առաջին ժամանակակից ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Պատերազմի ավարտին ի հայտ եկավ միջազգային անվտանգության նոր համակարգ, որի հիմքում ընկած էր ժողովուրդների կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքը, ինչը ծնունդ տվեց ԵԱՀԿ-ի մասնակից պետություններից շատերին: Խաղաղության, անվտանգության և ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարները հետագայում արտացոլվեցին Հելսինկիի Եզրափակիչ Ակտում:

Կիրակոսյանը ողջունել է շվեյցարական նախագահության մտադրությունը` նպաստելու վստահության ամրապնդման միջոցառումներին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պարագայում: Նա նշել է, որ այդ միջոցառումները կարող են արդյունավետ լինել, եթե ներգրավեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը: Հայկական կողմն աջակցություն է հայտնել Շվեյցարիայի ձգտմանը` սատարելու Մինսկի խմբի համանախագահներին, ու այդ կապակցությամբ ընդգծել է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն համաձայնեցված բանակցային ձևաչափերի շրջանակներում: Կարևորվել է նախագահության կողմից հստակ ազդակն առ այն, որ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրումը, ամրապնդել հրադադարը և հարգել ստանձնված պարտավորությունները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս