Պատճառն ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայությունն է. Նիկոլ Փաշինյան
«Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները, ի վերջո, առաջնորդվեն այն գիտակցությամբ, որ չկա այնպիսի հարց, որն իրենց լուծման բնագավառում չէ»,- այսօր Ազատության հրապարակում կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող ակտիվիստների և քաղաքական ուժերի միասնական հանրահավաք-երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, շատ կարևոր է. «Ես էլ՝ իմ ուժերի ներածի չափով, Քաղաքացիական պայմանագիրն էլ՝ ուժերի ներածի չափով կպաշտպանի պայքարը: Ես կարծում եմ, որ այս պրոցեսներն անհրաժեշտ են. առանց սրա հնարավոր չէ: Պարզապես սրանք ոչ բավարար պայման են արմատական փոփոխությունների համար: Մեր մտքերն ուղղված են Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման գործընթացի վրա. փոփոխության գործիքը քաղաքական գործունեությունն է, ինստիտուցիոնալ ընդդիմությունն է»: Ըստ նրա՝ Հայաստանում փոփոխությունների համար անհրաժեշտ բոլոր հիմքերը կան, բացառությամբ՝ մեկի.
«Հանրությունն ունի փոփոխությունների շատ հստակ պահանջ՝ ոչ միայն այս, այլև՝ բազմաթիվ այլ հարցերով: Ուրեմն ինչո՞ւ փոփոխությունները տեղի չեն ունենում: Որովհետև չկա փոփոխությունների կայացման վերջին գործիքը՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը ոչ միայն պետք է առաջադրի հարցերը, այլև՝ ունենա դրանց պատասխանները»: