Նաիրա Զոհրաբյան. «Ձեզ հետ միասին բեկանելու ենք այս պետական ջեբկիրությունը»

«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության, պետական գրպանահատության մասին օրենքը»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում՝ պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիների հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, թե իշխանության հորդորները, հավաստիացումներն այն մասին, թե օրենքը բխում է բացառապես ՀՀ քաղաքացու շահերից, սուտ են: «Օրենքը բխում է միայն  իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Եվ պատահական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկն անկեղծորեն խոստովանեց՝ կապ չունի՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, որ 20-30 տարի հետո կստանաք այդ գումարը, հիմա փող է անհրաժեշտ, և յուրաքանչյուրը պիտի իր ներդրումն ունենա ՀՀ տնտեսության մեջ: Սա բացահայտ նալոգ և ռեկետ կորզելու բացահայտ խոստովանություն է»,- նշեց նա:

Դիմելով իշխանություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչքա՞ն պիտի արհամարհել, ինչքա՞ն պիտի չսիրել սեփական ժողովրդին, որ հասցնել այս վիճակին: Ստեղծված վիճակը ցինիզմ, դաժանություն որակելն այլևս շատ մեղմ գնահատական է: Մենք բոլորս գիտենք, որ սա մեր պայքարի առաջին քայլերից է»:
Անդրադառնալով հավաքված երիտասարդների պաստառներից մեկին, որի վրա պատկերված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նկարը՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» մակագրությամբ, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց.

"

«Գաղտնիք չէ, որ այս ՍԴ-ն մշտապես սպասարկել է տվյալ պահի իշխանության շահը, և, երևի թե, վերջին հնարավորությունն ունի ապացուցելու, որ սպասարկում է ոչ թե կլանին, այլ՝ ծառայում է ժողովրդին»: Նա շեշտեց, որ իրենք կարող են հաղթել միասին, որովհետև երկիրը հասցված է այն վիճակի, որ առանձին որևէ քաղաքական, քաղաքացիական ուժ չի հաղթի: «Միասնական, ձեզ հետ միասին՝ մենք բեկանելու ենք այս պետական ջեբկիրությունը, միասնական, ձեզ հետ  միասին՝ մենք վիճարկելու ենք գազի վասալային պայմանագիրը, մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչելու»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս