Հայհոյում են, քննադատում, բայց չեն հոշոտի. վերջին հաշվով նրանք նույնն են. ԳԱԼԱ

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հաշվել են մեր բոլորի ատամները, մեզ փորձում են դնել անողնաշարի տեղ եւ իրար ուտելով փորձում են ժառանգորդի հարց լուծեն, որ փրկեն իրենց մաֆիան ու միլիոնները: Բայց մի բան պետք է միշտ հիշել, որ նրանք կարող են իրար դեմ պայքարել՝ փողի, լծակների, ժառանգորդի համար, բայց իրար չեն հոշոտի, որովհետեւ միեւնույն է՝ նրանք հոշոտելով մեկը մյուսին, մեկի վերացումով մյուսն էլ է վերանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ռ. Քոչարյանի եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների դեռեւս շարունակվող նամակագրությանը՝ ասել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Պետրոս Մակեյանին անհանգստացնում է միայն այն հանգամանքը, որ շատերը գին ունեն եւ կարող են այս ընթացքում նորից վաճառվել, կամ փչանալ:

«Այդ գինը շատերի մոտ տարբեր է, եւ քանի որ հիմա գումարվել է նաեւ դրսի ազդեցությունը, դուրսը միջամտում է, իրենք էլ առանց ամաչելու դրսի վրա խաղում են, այդ առումով մեր հույսը քաղաքական այն գործիչներն ու ուժերն են մնալու, որոնք իրենց կենսագրությամբ եւ անցած ճանապարհով դեռեւս գործարքի մեջ չեն մտել վարչախմբի հետ»:

Անդրադառնալով ավելի կոնկրետ շարունակվող նամակագրությանը՝ Պ. Մակեյանը կարծիք է հայտնել, որ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը փորձում են ցույց տալ, որ ժողովրդին գործոն չեն հաշվում, այդ խաղը տանում են դրսի համար եւ թատերական բեմի համար, որ տեսնեն՝ ով ով է: «Մեծ հաշվով, ինչ ասես ասում են, բայց իրանք այսօր էլ նույն թիմն են: Օրերս Գառնիկ Իսագուլյանն ասում էր՝ տարեկան այսքան միլիոն հանում են դուրս երկրից իրենց հանգիստը դրսում անցկացնելու համար: Էդ ու՞մ շնորհքով է այդ ավանդույթը ձեւավորվել: Դա Ռոբերտ Քոչարյանի ասած՝ շինարարական տրեստի կառավարիչնե՞ր չեն արդյոք… իրենք որեւէ ձեւով չեն տարբերվում: Իրար հայհոյում են, քննադատում են, բացահայտում են, բայց վերջին հաշվով, իրենք նույնն են, եւ որեւէ բան չի փոխվել: Չնայած կրկնեմ, որ իրենք պայքարում են իրար դեմ, բայց իրենք իրար չեն հոշոտելու»:

Ինչո՞ւ է Քոչարյանը պատասխանում վարչապետին, երիտհանրապետականներին կամ էկոնոմիկայի նախարարին, չի՞ մտածում իր հեղինակությունը վտանգելու մասին:

Պ. Մակեյանի խոսքերով՝ Քոչարյանի բնույթն է այդպիսին․ «Ինքը նախագահ եղած ժամանակ էլ այդպես էր: Եթե լավ հիշենք, ինքը երբեք էլ այդ չափորոշիչները չէր պահում, որ ինքը առնվազն նախագահի մակարդակով պիտի վիճաբաներ: Ինքը տղայական բազարների մեջ էր մտնում: Ավելի պարզ՝ Քոչարյանը կրիմինալ բաներ ունի, այդ որակները կրողներից է: Նա այդ տեսակն է: Իսկ ինչո՞ւ է լուռ Սերժ Սարգսյանը: Սերժն ինչ իմաստ ունի խոսի, երբ ենթակաները կխոսեն՝ առանց հերթ տալու իրար:

Այդ ջահելներից չեմ կարծում, որ մեկն ու մեկը առանց Սերժի որեւէ բան ասի»։

Պետրոս Մակեյանը համոզված է, որ ՀՀԿ փորձված գործիչները լռում են զգուշավորությունից ելնելով:

«Հին ու փորձված գալուստսահակյանները վախենում են խոսել: Որովհետեւ իմանալով Սերժի եւ Ռոբերտի հարաբերությունները՝ չգիտեն՝ վերջում ինչ հանգրվան կլինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս