
Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ Ռուսաստանը խստացնում է սոցցանցերի վրա վերահսկողությունը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի շեմին Ռուսաստանը խստացնում է վերահսկողությունը սոցցանցերի վրա և արգելափակում է քննադատական գրառումները: Ռուսաստանում այդ օրենքն ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ին:
Այն Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ռուսական իշխանություններին հնարավորություն կտա արգելափակել ոչ միայն ծայրահեղական նյութերով կամ մանկական պոռնոգրաֆիայի մասին նյութերով կայքերը, այլև՝ սոցցանցերը, որոնցում կոչեր են արվում մասնակցել զանգվածային հրապարակավ միջոցառումների:
Նշվում է, որ 2012 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո Ռուսաստանում աստիճանաբար ընդլայնվել է համացանցի վրա վերահսկողությունը: 2013 թվականին Ռուսաստանը մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 148-րդ տեղն աշխարհում: