
Լիբանանի տարածքում ընկել է Սիրիայից արձակված ավելի քան 20 արկ ու հրթիռ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից իրականացված հրթիռա-հրետակոծության հետևանքով Լիբանանի Արսալ քաղաքում զոհվել է առնվազն 7 մրադ: Այս մասին հայտարարել են տեղի իրավապահները: Եվս 15 մարդ վիրավորվել է՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ընդհանուր առմամբ Լիբանանի տարածքում ընկել է Սիրիայից արձակված ավելի քան 20 արկ ու հրթիռ: Արսալից բացի, հրետակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև Հերմել քաղաքի ծայրամասերը, որը համարվում է տարածաշրջանում «Հզբոլլահի» հենակետը:
Սակայն Արսալի բնակչության մեծ մասը սուննիներ են, որոնք, ի տարբերություն շիական արմատականների, աջակցում են հարևան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի դեմ բարձրացված ապստամբությանը: Այդ քաղաքում ապաստան են գտել Սիրիայից փախած բազմաթիվ սուննի ընտանիքներ:
Սիրիայի տարածքից հրետակոծության հետևանքով Լիբանանի տարածքում գրանցվել են նաև մեծ ավերածություններ: