
Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում

Գյումրիի նախկին քաղաքապետՎարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ:
Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է «վճարովի» աշխատանք, որը , ցավոք, մնում է անպատիժ:
Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է: Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած,մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները: Այդ հանցագործությունները այդպես էլ մնում են չբացահայտված:
Իսկ մի քանի ԶԼՄ-ներում տարածվող ինտրիգների հեղինակներն այնքան են սանձարձակվել, որ շարունակում են անտեսել, ճզմել-անցնել բոլոր նորմերն ու օրենքները: Մենք չէինք արձագանքի լրատվական այս «ակցիաներին», եթե ակնհայտ չլիներ այս ամենը շոուի վերածելու ոմանց հակումը: Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում»: