
Սիրիայում չափավոր ապստամբների ու արմատական իսլամականների միջև բախումներում զոհվել է ավելի քան 1000 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայում չափավոր ապստամբների ու արմատական իսլամականների միջև գրանցված զինված բախումների հետևանքով արդեն իսկ զոհվել է ավելի քան 1000 մարդ:
Գործակալության տվյալներով՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն այդ բախումներում տվել են 312 սպանված, մինչդեռ նրանց հակառակորդ մյուս ապստամբները՝ 608 սպանված: Զոհվածներից ևս 130-ը խաղաղ բնակիչներ են, որոնք պատահաբար հայտնվել են մարտադաշտում:
Կողմերը հատկապես ծանր կորուստներ են կրել վերջին շաբաթվա ընթացքում, երբ չափավոր ապստամբները ջիհադականների դեմ զանգվածային հարձակում ձեռնարկեցին Սիրիայի հյուսիսում: Նրանց հաջողվել է մի շարք վայրերում և հատկապես Հալեպում իսլամականներին դուրս մղել ռազմավարական կարևոր դիրքերից:
Բացի այդ, այդ մարտերում զոհվել են ջիհադականների մի շարք էմիրներ (ավագ սպաներ): Ի պատասխան, ջիհադականներն իրականացրել են գերիների մի շարք զանգվածային մահապատիժներ՝ սպանելով հակառակորդի 99 զինյալի և 21 խաղաղ բնակչի:
Մարտերը հիմնականում ընթանում են Իդլիբի, Հալեպի ու Ռաքքայի նահանգներում: Առանձին բախումները շարունակվում են նաև արևելքում՝ Իրաքի սահմանի մոտ և արևմուտքում՝ Հոմսի շրջանում: