Բանդայի գործով ամբաստանյալների պաշտպանները կողմ են դատական նիստը կանգ առած տեղից շարունակելուն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Ինչպես հայտնի է, գործով նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղափոխվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ինչի պատճառով գործի քննությունը դադարեցվել էր: Քրեական գործը այժմ քննելու է դատավոր Մեսրոպ Մակյանը: Վերջինս դատական նիստի ընթացքում նախ ճշտեց գործով վեց ամբաստանյալների ինքնությունը: Ի դեպ, դատավորը գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանին թույլատրեց գլխարկով մասնակցել դատական նիստին: Ամբաստանյալը ասաց, որ գլխացավեր ունի:
Մեսրոպ Մակյանը դատական նիստի ընթացում ասաց, որ գործը վարույթ է ընդունել, ծանոթացել գործի նյութերին: Նա գործով ամբաստանյալների պաշտպաններից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունեն քրեական գործի քննությունը վերսկսելու կամ այն շարունակելու հարցի մասին: Գործով հինգ ամբաստանյալների պաշտպանները կողմ արտահայտվեցին դատական նիստը կանգ առած տեղից շարունակելուն՝ հաշվի առնելով ամբաստանյալների՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը: Գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Գործով մեղադրող Սասուն Խաչատրյանն էլ խնդրեց իրեն ժամանակ տալ՝ քրեական գործի քննությունը վերսկսելու կամ կանգ առած տեղից շարունակելու հարցի վերաբերյալ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգեց, իսկ հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 12-ին: