Ավելի սառցապատ Երևան
Այս գիշեր մայրաքաղաքում տեղացած ձյունն ու դրան հաջորդած արևային եղանակը ուրախացրել են շատերին: Վերջապես «մառախուղից պրծանք»՝ առավոտից ասում են մարդիկ: Սակայն այդ ոգևորությունը կարճ ժամանակ անց խամրեց, քանի որ Երևանի քաղաքացիները ստիպված էին աշխատանքի գնալ մայրաքաղաքի՝ ամբողջությամբ ձյան մեջ թաղված փողոցներով: Համենայնդեպս, Երևանի կենտրոնական բոլոր փողոցները, բառի բուն իմաստով, խրված էին ձյան մեջ: Բացառությամբ պետական կառավարման մարմինների շենքերի հարակից տարածքների, որևէ փողոցում ձնամաքրման աշխատանքներ չէին կատարվում: Իսկ արդեն երեկոյան ժամերից սկսած ցերեկվա ընթացքում մասամբ հալված ձյունը վերածվելու է մերկասառույցի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ու բնական է, որ այսօր քաղաքացիները մտքում կամ բարձրաձայն ամենաշատը «հիշում» էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու քաղաքապետարանի մյուս պաշտոնյաներին: Բայց Երևանի քաղաքապետարանը որոշել է քաղաքացիներին ոչ միայն ֆիզիկական դժվարություններ պատճառել սեփական անգործությամբ, այլ նաև քայքայել մարդկանց նյարդային համակարգը: Ճիշտ նույն ժամերին, երբ Երևանի կենտրոնում փողոցն անվնաս անցնելը կամ մայթով քայլելը մարդիկ բարեբախտություն էին համարում, Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որում նշված է. «Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները, և այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են… Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: Ժամը 10:00-ից մինչև 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խմ ավազ»: Դժվար չէ պատկերացնել այն հազարավոր քաղաքացիների վիճակը, ովքեր հրաշքով տուն են հասնում և երեկոյան բոլոր հեռուստատեսություններով լսում են քաղաքապետարանի այս հաղորդագրությունը՝ բնականաբար, մի քանի «մաքրվող փողոցների» կադրերով:
Երևանում այսօր կատարվում է այն, ինչ ամբողջ հանրապետությունում: Երկիրը գտնվում է աղետալի վիճակում, արտագաղթը հասնում է սարսափելի ծավալների, բայց «հեռուստացույցով ամեն ինչ լավ է», պաշտոնական վիճակագրությունը նույնիսկ ներգաղթի «թվեր» է արձանագրում: Նույնն է նաև Երևանում: Ամեն օր քաղաքացիները հերթական անգամ համոզվում են, որ գործնականում քաղաքային իշխանություն գոյություն չունի, բայց իրենց վերջինիս տեղը դրածները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, չեն իջնում հեռուստաէկրաններից: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ Տարոն Մարգարյանի վիճակը: Մարդու գլուխը խառն է, տակավին վերջերս է շունչ քաշել գիտական ծանր աշխատանքից, իսկ օրերս էլ ստանձնել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Դեռ պետք է շնորհակալ լինել, որ այս «կարևոր գործերի» արանքում նրա ղեկավարած քաղաքապետարանի աշխատակիցները գոնե «կադրի համար» մի քանի փողոց են մաքրում: