
Ռուսաստանը կես միլիոն օտարերկրացիների արգելել է մուտք գործել երկիր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը (ФМС) արգելել է մոտ կես միլիոն օտարերկրացիների մուտք երկիր, քանի որ նրանք խախտել են ռուսական օրենսդրությունը:
Այս մասին հայտարարել է ФМС-ի մամլո քարտուղար Զալինա Կոռնիլովան: Նա ընդգգծել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը խախտած այդ անձանց 3-10 տարով արգելվել է մուտք գործել երկիր: Կոռնիլովան մանրամասնել է, որ օտարերկրացիների մուտքը Ռուսաստան սահմանափակվում է այն դեպքում, եթե նրանք կատարել են մի քանի իրավախախտումներ՝ գերազանցելով երկրում մնալու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետը:
Կոռնիլովայի խոսքերով՝ Ռուսաստանում ստեղծվել է 34 հատուկ հիմնարկ, ուր պահվում են արտաքսման, վտարման կամ հետընդունման ենթակա օտար երկրների քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցողները: ФМС-ի տվյալներով՝ մոտ 3.5 միլիոն օտարերկրացի օրինական ճանապարհով մուտք է գործել Ռուսաստան, սակայն երկրում աշխատում է ապօրինաբար: