
Ուկրաինական ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի աշխատանքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Գերագույն ռադայի նիստի սկսվելուց կես ժամ առաջ շրջափակել են խորհրդարանի ամբիոնն ու պրեզիդիումը: Դրանց մոտ հավաքվել է 8 ընդդիմադիր:
Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը, պատասխանատվության ենթարկել «Եվրամայդանի» դեմ բռնություններ կիրառածներին, օրենքներ մշակել հատուկջոկատայինների գործողությունների վերաբերյալ: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հետ խորհրդարան են բերել Ուկրաինայի ու ԵՄ-ի ոչ մեծ դրոշներ:
Ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նախօրեին հայտարարել էր, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Գերագույն Ռադայի աշխատանքներին, եթե չանսան ընդդիմության պահանջներին: