
Եգիպտոսում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ երկօրյա հանրաքվեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Եգիպտոսում մեկնարկել է երկօրյա հանրաքվեն՝ կապված նոր Սահմանադրության ընդունման հետ: Այդ կապակցությամբ Եգիպտոսում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ:
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 09.00-ին և փակվելու են 12 ժամ անց՝ 21.00-ին: Դրանց պահպանությամբ զբաղված է 400.000 զինվորական ու ոստիկան: Եգիպտոսի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը կարող է մասնակցել 52 միլիոն մարդ:
Գեներալ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին եգիպտացիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը. «Դա Սահմանադրություն է՝ Եգիպտոսի ապագայի համար մեկ քայլ դեպի առաջ»: Միևնույն ժամանակ «Մուսուլման եղբայրներ» շարժումն իր համակիրներին կոչ է արել բոյկոտել հանրաքվեն:
Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագիծը բաղկացած է 247 հոդվածից: Հանրաքվեն կավարտվի հունվարի 15-ին: Այս տարի Եգիպտոսում պլանավորված են նաև նախագահական և խորհրդարանական ընտրություններ: