Բաժիններ՝

Թունիսում նշում են հեղափոխության եռամյակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թունիսում նշում են 2011 թվականին իրականացված հեղափոխության եռամյակը, որը հյուսիսաֆրիկյան այդ երկրում հանգեցրեց իշխանափոխության: Դրա հետ կապված՝ այս անգամ պլանավորված չեն քաղաքական զանգվածային ելույթներ:

Երկրում անցկացվելու են եռամյա վաղեմություն ունեցող իրադարձություններին նվիրված երաժշտական բազմաթիվ համերգներ, ներկայացումներ, ֆոտոցուցահանդեսներ: Միևնույն ժամանակ քաղաքական մի շարք կուսակցություններ ու շարժումներ հրաժարվել են մասնակցել տոնակատարություններին՝ ընդգծելով, որ դեռ տոնելու բան չկա:

Արդեն երեք տարի է, ինչ Թունիսն ապրում է առանց Սահմանադրության, որի նախագծի համաձայնեցումը լրջորեն բարդացնում են քաղաքական տարբեր ուժերի միջև առկա տարաձայնությունները: Ընտրված Ազգային հիմնադիր խորհուրդը Սահմանադրության նախագիծը պետք է մշակեր մեկ տարում, սակայն աշխատանքները շարունակվում են ցայժմ:

Երեք տարի առաջ Թունիսում իրականացված հեղափոխության մեկնակետը համարվում է 2010 թվականի դեկտեմբերի 17-ը, երբ թունիսյան Սիդի-Բուզիդ ոչ մեծ քաղաքի բնակիչ Մոհամմեդ Բուազիզին, ով իր խոսքերով՝ բավական տառապել է աղքատությունից ու ոստիկանների կամայականություններից, ինքնահրկիզում իրականացրեց քաղաքապետարանի մոտ:

Դրանից հետո Թունիսում սկսվեցին ժողովրդական զանգվածային հուզումներ, որոնց տվյալ ժամանակվա նախագահ Զին ալ-Աբեդդին Բեն Ալին փորձեց ճնշել ոստիկանական կոշտ գործողությունների օգնությամբ: Բողոքի ակցիաները կապված էին երկրում քաղաքական ազատությունների բացակայության, սոցիալական անհավասարության, մեծ չափերի հասնող կոռուպցիայի ու գործազրկության հետ:

Նախագահ Բեն Ալին 2011 թվականի հունվարի 14-ին փախավ Սաուդյան Արաբիա, և հաջորդ օրն իսկ պաշտոնանկ արվեց Թունիսի Սահմանադրական խորհրդի կողմից: Թունիսի իրադարձություններն արաբական աշխարհի երկրներում սկիզբ դրեցին բողոքի մի շարք ակցիաների շղթայի:

Դրանք իշխանափոխության հանգեցրին Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում, իսկ Մարոկկոյում պատճառ դարձան լուրջ բարեփոխումների իրականացման: Սիրիայում ցայժմ շարունակվում է իշխանությունների ու ընդդիմության միջև արյունալի զինված հակամարտությունը, որն արդեն իսկ ձեռք է բերել միջդավանաբանական դիմակայության երանգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս