«Ես չեմ ասում՝ իմ պաշտպանյալն անմեղ է, իրեն արդարացրեք». «Հարսանքարի» գործով ամբաստանյալի պաշտպան
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանին այսօր խնդրեց իր պաշտպանյալի մեղավորությունը ճանաչել այն արարքի համար, ինչը նա արել է: «Ես չեմ ասում՝ իմ պաշտպանյալն անմեղ է, իրեն արդարացրեք»,- այսօրվա դատական նիստի ընթացքում ասաց Մարինե Թովմասյանը:
Նշենք, որ Գարիկ Մարգարյանն իրեն մեղավոր է ճանաչել Արտակ Բայադյանին մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Փաստաբանը նշեց, որ բոլոր ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վահե Ավետյանի մարմնական վնասվածքներից 5-ն անմիջական կապի մեջ են եղել նրա մահվան հետ: «Հետևապես՝ նման պայմաններում տրամաբանության սահմաններում որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, որ ամբաստանյալի աթոռին նստածները վեցն են, և վեց ամբաստանյալներից ով է այն անձը, ում ենթադրյալ հարվածները մահվան հետ անմիջական կապի մեջ չեն եղել,- ասաց Մարինե Թովմասյանը, ապա ավելացրեց,- Ինչպե՞ս ենք տարանջատելու, թե կոնկրետ վեցից որ մեկը չի հարվածել Վահե Ավետյանին, կամ որ մեկի հարվածի հետևանքն անմիջական մահվան հետ որևէ կապ չի ունեցել»:
«Միանշանակորեն կարող եմ ասել, որ տուժողները դատարանին և նախաքննությանը չեն հայտնել իրականությունը և մինչև վերջ էլ չեն ուզում հայտնել»,- ասաց Մարինե Թովմասյանը՝ ողջունելով Գարիկ Սողոմոնյանի այն հայտարարությունը, որ ինքը նման բան չի հիշում, բայց եթե ամբաստանյալը հիշում է, ավելի լավ: Պաշտպանն «անտրամաբանական» որակեց նաև տուժողների պնդումները, որ իրենք, ըստ պաշտպանի, ոչինչ չեն արել, սակայն մատուցողն ագրեսիվ է եղել իրենց նկատմամբ: Մարինե Թովմասյանն ասաց, որ դատավարության ընթացքում որքանով կարողացել է ճանաչել մատուցող Դավիթ Ադամյանին, չի կարծում՝ վերջինս այնպիսի ագրեսիվություն է ցուցաբերել, որը տուժողներին դուր չի եկել: Նա նշեց, որ հենց այնպես ցանկացած մատուցող որևէ մեկի չէր հարվածի: Անդրադառնալով դատաքննության ընթացքում ամբաստանյալների տված խոոտովանական ցուցմունքներին՝ Մարինե Թովմասյանն ասաց, որ դա ընդհանրապես կապ չունի համաներման մասի որոշման հետ. «Ամեն դեպքում ամբաստանյալները մինչև վերջին պահը հույս ունեին, սպասում էին, որ տուժողներն ի վերջո իրականությունը կհայտնեին դատարանին»: