
«Այն ճնշումն է եղել, որ կարող է լիներ՝ ասեին՝ հորդ անունն էլ տուր, կտայի». «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Դավիթ Ադամյանն այսօր ասաց, որ նախաքննության ընթացքում իր ցուցմունքների մի մասը տվել է հոգեբանական ճնշման տակ: «Ես 35 տարեկան տղա եմ, ոչ մի անգամ Ոստիկանություն չեմ ընկել: Ասեմ, որ հոգեբանական ճնշման տակ եմ տվել այդ ցուցմունքը: Այն ճնշումն է եղել, որ կարող է լիներ՝ ասեին՝ հորդ անունն էլ տուր, կտայի»,- այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Դավիթ Ադամյանը: Նշենք, որ նախաքննության ընթացքում նա տվել էր դեպքին մասնակից անձանց անուններ:
Դավիթ Ադամյանն այսօր դատարանում ասաց, որ դատարանում հայտնել է ողջ ճշմարտությունը, ինքը դեպքի վայրում չի եղել, եղել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրենի մոտ և նրան է տեղեկացրել վիճաբանության մասին: «Ես տեղյակ չեմ դրսի վիճաբանությունից»,- ասաց ամբաստանյալ Դավիթ Ադամյանը: Նա նշեց, որ մեկ անգամ է հարվածել Վահե Ավետյանին, քանի որ հնչել են հայհոյանքներ իր ընտանիքի հասցեին:
Վերջում Դավիթ Ադամյանը գործով տուժողներին խնդրեց, որ նրանք էլ դատարանին ճշմարտությունը հայտնեն: