
Հակամարտությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի ունեցած փորձը կարող է օգտակար լինել Կովկասում. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հակամարտությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի ունեցած փորձը կարող է օգտակար լինել Կովկասում:
Ուորլիքն ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի (Շվեյցարիա) հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները կանցկացվեն այսօր և վաղը: Նախորդ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր իր հերթական հայտարարությունը, որում նշել էր, որ մտադիր է հունվարին խորհրդակցություններ անցկացնել 2014 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի հետ: