Օջալանը Դինքի սպանության հերթական տարելիցի կապակցությամբ ծավալուն նամակով դիմելու է հայերին
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում, հարգել է Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը.
«Ես ողջունում եմ հայ ժողովրդի թանկ զավակ, մեր եղբայր Հրանտի պայքարը, և հարգում եմ նրա հիշատակը»: Օջալանը հավելել է, որ Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցի կապակցությամբ ծավալուն նամակով դիմելու է հայերին:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: Մարդասպանին պետք է հիշեցնել, որ Ղուրանի համաձայն՝ այն ժողովուրդը, որն ունի Սուրբ գիրք, չի կարող կոչվել գյավուր:
Ի դեպ, Դինքի սպանությունից հետո թուրքական Milliyet թերթի լրագրող Ջան Դյունդարը գրեց. «Ընկերս ինձ պատմեց, որ Դինքի հուղարկավորության ժամանակ, երբ հարյուր հազարավոր մասնակիցներ «Բոլորս հայ ենք» կարգախոսով ցույց էին կազմակերպել, ցուցարարներին կցված ոստիկաններից մեկը, քիչ այն կողմ քաշվելով, կողքինի ականջին զարմացած ասել էր, թե որքան շատ է հայերի թիվը Թուրքիայում:
Իսկ ահա երբ նախորդ օրը Աֆյոնքարահիսարի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում տրիբունաները միաձայն սկսեցին բղավել՝ «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք», իսկ ոմանք էլ նրա օրինակով սպիտակ գլխարկներ դրեցին, ակամայից մտածեցի, թե Թուրքիայում որքան շատ են մարդասպանները»: