
ԵՄ-ը չի դիտարկում Ուկրաինայի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ներկայումս չի դիտարկում Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ չնայած ուկրաինական ընդդիմության առաջնորդներին կոչերին ու կիևյան «Եվրամայդանի» դիմումներին:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը. «Պատժամիջոցները ծայրահեղ միջոց են: Դրանք ներդրվում են իրավիճակի մանրակրկիտ հետազոտությունից հետո միայն: Այս փուլում չի դիտարկվում պատժամիջոցներ սահմանելու հարցը»:
Հունվարի 12-ին «Եվրամայդանը» աջակցել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ղեկավարներին դիմելը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի և ուկրաինական իշխանությունների այլ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու համար՝ կապված «Եվրամայդանի» մասնակիցների հանդեպ ուժ կիրառելու հետ: ԱՄՆ սենատն Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադառնալու է հունվարի 15-ին: