
«Բայց ինչի՞ համար 13 տարի». «Հարսնաքարի» գործով ամբաստանյալը՝ դատարանին

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն այսօր դատարանին խնդրեց իրեն դատել այն արարքի համար, որն արել է, ոչ թե նրա համար, ինչ չի արել: «Հանցագործություն եմ արել, ես չեմ խուսափում, մահացել է այդ տղան, բայց ինչի՞ համար՝ 13 տարի»,- դատարանում այսօր ասաց Նորայր Հայրապետյանը: Նշենք, որ Նորայր Հայրապետյանին, ինչպես և մյուս ամբաստանյալներին, մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով. դատախազը միջնորդել է նրանց դատապարտել 13 տարվա ազատազրկման: «Հարգելի դատավոր, խնդրում եմ, արել եմ հանցագործություն, դատեք ինձ իմ արածի համար: Հանցագործությունս էլ եղել է ոչ դիտավորյալ, խփել եմ, այդ տղան վնասվածք է ստացել»,- հավելեց «Հարսնաքարի» գործով ամբաստանյալը:
«Ոչ մի փաստ չկա, ոչ մի ապացույց չկա,Դատախազությունը չհիմնավորված կերպով մեղադրանքը ոնց դատաքննության սկզբից դրել է անհիմն կերպ, այնպես դատաքննության ընթացքում 13 տարի ինձ դատում է: Ինչի՞ համար»,- ասաց Նորայր Հայրապետյանը: Նա նշեց, որ դատաքննության ընթացքում հայտնել է ճշմարտությունը, նշել, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, սակայն դատախազն իր լրացուցիչ ցուցմունքներն անարժանահավատ է համարել. «Հիմա ի՞նչ, փորձանքի մեջ եմ ընկել, սպորտսմեն տղա եմ, խփել եմ, այդ տղան վնասվածք է ստացել, այդ վնասվածքից մահացել է»,- ասաց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը: Միևնույն ժամանակ նա ասաց, որ կատարվածի մասին իրականությունն ասել է «իր խղճի առաջ մաքուր լինելու համար»: Նա նշեց, որ եթե վնասվածք հասցրած լիներ մյուս տուժողներին ևս, ապա դրա մասին դատարանում կհայտներ:
«Ինչի՞ համար եք ինձ դատապարտում երեք հոդվածով, եթե ես մեղքս ընդունում եմ, եթե ունեմ երեխեք, եթե իմ ամբողջ կյանքն անցել է ուրիշ կերպ, եթե ես այդ մարդը չեմ, այդ անձնավորությունը չեմ: Հիմա փորձանքի մեջ ենք ընկել»,- հավելեց Նորայր Հայրապետյանը: Նա նշեց, որ եթե «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի արդյունքում ինքը մահանար, հասարակությունը կասեր հակառակը, որ սպան ճիշտ է, այդ տղան էլ իրեն լավ չի պահել, դրա համար է մահացել: Նորայր Հայրապետյանն ասաց, որ տուժողները նշում են՝ չեն տեսել՝ ովքեր են իրենց հարվածել, սակայն հնարավոր չէ չտեսնել: