
Թուրքիայի իշխանությունները կարող են խստացնել համացանցի վերահսկողությունը. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ձգտում են խստացնել վերահսկողությունը համացանցում՝ կապված երկրում բռնկված կոռուպցիոն սկանդալի հետ: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Դրանով տրանսպորտի ու կապի նախարարությանը կարող է հնարավորություն ընձեռվել արգելափակել այն կայքերը, որոնց կասկածում են անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ, ինչպես նաև ինտերնետային պրովայդերներին հարկադրել պահպանել համացանցում իրենց օգտատերերի տեղաշարժի մասին տեղեկատվությունը:
Թուրքիայում արդեն իսկ գործում են մի շարք ֆիլտրեր, որոնք նախատեսված են երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու համար: