Բաժիններ՝

Հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս-2014» մրցանակի դափնեկիրները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ստրկության 12 տարի» և «Խորամանկություն ամերիկյան ձևով» ֆիլմերը դարձել են «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ, որը հանձնում է Հոլիվուդում հավատարմագրված Օտար մամուլի ասոցիացիան: Մրցանակները հանձնվել են երեկ երեկոյան՝ Լոս-Անջելեսում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Ռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարի» ֆիլմը ճանաչվել է լավագույն դրամատիկ ֆիլմ, իսկ Դևիդ Օ. Ռասելի «Խորամանկություն ամերիկյան ձևով» ֆիլմը՝ լավագույն կատակերգություն/մյուզիքլ: Բացի այդ, ֆիլմում խաղացած դերասաններ Ջենիֆեր Լոուրենսն ու Էմի Ադամսը ճանաչվել են համապատասխանաբար որպես երկրորդ պլանի և լավագույն կատակերգու դերասանուհիներ:

Կատակերգության ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Լեոնարդո դի Կապրիոն՝ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմի համար: Լավագույն դրամատիկ դերասանուհու կատեգորիայում հաղթող է ճանաչվել Քեյթ Բլանշետը՝ Վուդի Ալենի «Հասմիկ» ֆիլմում խաղացած դերի համար:

Դրամատիկական ֆիլմում լավագույն դերասան է դարձել Մեթյու Մաքոնահին՝ «Գնորդների դալլասյան ակումբում» խաղացած դերի համար: Իսկ նույն ֆիլմի մեկ այլ ներկայացուցիչ Ջարեդ Լետոն անվանվել է երկրորդ պլանի լավագույն դերասան:

Ալֆոնսո Կուարոն «Գրավիտացիա» ֆիլմի համար «Ոսկե Գլոբուս» է ստացել որպես լավագույն ռեժիսոր, իսկ Սթայք Ջոնզը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար՝ Her ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար:

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Walt Disney Co. ընկերության «Սառը սիրտը» ֆիլմը, իսկ օտար լեզվով լավագույն ֆիլմ՝ իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» դրաման: Իռլանդական U2 ռոք խումբը «Ոսկե գլոբուս» է ստացել «Մանդելա. Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիլմում Ordinary Love երգի համար:

2014 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակը հանձնվեց 71-րդ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս