Բաժիններ՝

Երուսաղեմում մեկնարկել է Արիել Շարոնին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երուսաղեմում՝ Իսրայելի խորհրդարանի շենքի մոտ, այսօր մեկնարկել է նախկին վարչապետ Արիել Շարոնին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը: Դրան մասնակցում են հրեական պետության առաջին դեմքերը և երկու տասնյակ երկրների պատվիրակություններ:

Ազգային դրոշի սպիտակ-կապույտ գույների սավանով պատված փակ դագաղը դրվել է Քնեսեթի շուրջ գտնվող հրապարակում, ուր նախօրեին այցելել են հազարավոր իսրայելցիներ՝ հրաժեշտ տալու համար Իսրայելի պատմության մեջ ամենահայտնի ռազմական ու քաղաքական գործիչներից մեկին:

Շարոնին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ ու աղոթքներով, ապա սկսել են ելույթներ ունենալ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Քնեսեթի նախագահ Յոել Էդելշտեյնը:

Իսրայելի մղած գրեթե բոլոր պատերազմների վետերան Արիել Շարոնի հուղարկավորությունը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Շարոնն առաջին անգամ վիրավորվել է 1948-1949 թվականների Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ: Արիել Շարոնը մահացել է հունվարի 11-ին՝ 85 տարեկան հասակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս