
Օլանդի թուրքական այցից առաջ ֆրանսահայերը բողոքի ակցիաներ են կազմակերպելու ողջ երկրում

Nouvelles d’Arménie պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսահայերը դեմ են նախագահ Ֆրանսուա Օլանդի թուրքական այցին: Նշվում է, որ Օլանդը հունվարի 27-28-ին պետական այցով մեկնելու է Թուրքիա: Դրա հետ կապված ֆրանսահայերը հունվարի 25-ին բողոքի ակցիա են կազմակերպելու Մարսելում:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը Փարիզում անցկացրած իր նիստում քննարկել է նաև Օլանդի առաջիկա թուրքական այցի հարցը: Որոշվել է այցի նախօրեին ողջ երկրում կազմակերպել բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Եվրոպայում Թուրքիայի ինտեգրման:
Խորհուրդը իշխանական վերին օղակներից նաև պահանջում է հնարավորինս շուտ հատկացնել իրավական միջոցներ՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը հանդիսանում է Ֆրանսուա Միտերանը, ով Թուրքիա է այցելել 1992 թվականին: Ճիշտ է՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2011 թվականին այցելել էր Թուրքիա, սակայն այցից առաջ նա ընդգծել էր, որ Թուրքիա է այցելում ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ՝ որպես G-20-ի նախագահ: Դա խստապես զայրացրել էր թուրքական կողմին և Սարկոզիին դիմավորել էին շատ ցածր մակարդակով՝ Անկարայի քաղաքապետ: