
Մեկ օրում Իրաքում զոհվել է 34 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ: Բաղդադում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ և տուժել է առնվազն 37 մարդ:
Պայթյուններից մեկը գրանցվել է այն վայրում, ուր հավաքվել են կառավարական բանակի նորակոչիկները: Այստեղ պայթյունը խլել է 9 մարդու կյանք: Սա նախորդ շաբաթ նորակոչիկների դեմ իրականացված առաջին հարձակումը չէ: Հունվարի 9-ին մահապարտ-ահաբեկչի գործողության հետևանքով Բաղդադում զոհվել էր 23 նորակոչիկ:
2014 թվականի հունվարին Իրաքում կրոնական ու քաղաքական տարբեր խմբավորումների միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 440 մարդ: 2013 թվականին զոհվածների քանակը գերազանցել էր 6000-ի սահմանագիծը: