Իրանի արտգործնախարարը մեկնել է մերձավորարևելյան շրջագայության

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը կմասնակցի Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսին, եթե ստանա համապատասխան հրավեր՝ առանց որևէ նախապայմանի.

«Մենք աջակցում ենք յուրաքանչյուր նախաձեռնության, որն ուղղված է Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման փնտրտուքին: Սիրիայի հետագա ճակատագիրն ազատ ընտրությունների միջոցով պետք է որոշեն իրենք՝ սիրիացիները»:

Զարիֆն իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Լիբանանից, որի շրջանակներում նա գտնվելու է նաև Հորդանանում, Իրաքում ու Սիրիայում: Այդ երկրներում նա քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային զարգացումները:

Բեյրութում նա արտահայտվել է նաև Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին. «Թեհրանում ողջունում են պաշտոնական շփումների վերականգնումը: Մենք համոզված ենք, որ Էր-Ռիյադի հետ հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանի խաղաղության ու անվատանգության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս