
Նոր Սահմանադրությունը կդնի եգիպտական պետության հիմքը. Ադլի Մանսուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հեռուստատեսության միջոցով դիմել է ժողովրդին՝ կապված Մուհամմեդ մարգարեի ծննդյան հերթական տարեդարձի հետ: Իր ուղերձում Մնասուրն ընդգծել է, որ Եգիպտոսը նախկինի նման դավանում է չափավոր իսլամ, որը հեռու է ծայրահեղականությունից.
«Կան այնպիսի մարդիկ, որոնք ճիշտ չեն շարադրում իսլամի էությունը և իրենց թույլ են տալիս թափել Եգիպտոսի ժողովրդի արյունը: Սակայն մենք հայտարարում ենք, որ գործելու ենք վճռականորեն՝ մեր քաղաքացիների անվտանգությունը վերականգնելու համար»:
Մանսուրը բոլոր եգիպտացիներին կոչ է արել հունվարի 14-15-ին մասնակցել երկրի Սահմանադրության փոփոխման վերաբերյալ համազգային հանրաքվեին. «Նոր Սահմանադրությունը կդնի եգիպտական պետության հիմքը՝ ժամանակակից ու քաղաքացիական պետություն: Եգիպտոսում կլինի նախագահ, որին ընտրություններից հետո կանցնի ողջ իշխանությունը, իսկ հետո երկրում կընտրվի նոր խորհրդարան»: