
«Ժնև 2» կոնֆերանսը պետք է անցկացվի սահմանված ժամկետում. Լորան Ֆաբիուս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսը պետք է տեղի ունենա և դառնա արդյունավետ: Այս մասին Փարիզում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Նա ընդգծել է, որ «Ժնև 2» կոնֆերանսը պետք է անցկացվի սահմանված ժամկետում և պսակվի հաջողությամբ: «Սիրիայի բարեկամների» խմբի կոնֆերանսին մասնակցել է նաև Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային խորհրդի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբան:
Նա վստահեցրել է, որ հանդիպմանը մասնակից երկրները միակարծիք են եղել նրանում, որ Բաշար Ասադի վարչակարգն ապագա չունի Սիրիայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ժնև 2» կոնֆերանսի անցկացումը պլանավորված է այս տարվա հունվարի 22-ին: