
Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 20-ից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա հունվարի 20-ից: Այս մասին հայտարարել է իրանական կողմը:
Վերջինս ընդգծել է, որ համատեղ գործողությունների պլանի իրագործումը կմեկնարկի հունվարի 20-ին: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը ուրբաթ համաձայնության էին հասել նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հիմնական հարցերի շուրջ:
Նախորդ տարվա նոյեմբերին Իրանը պարտավորվել էր պատժամիջոցների մեղմացման դիմաց դադարեցնել 5 տոկոսից ավելի ուրանի հարստացումը, կասեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգների արտադրությունը և թույլատրել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ: